Մինչև եր՞բ ենք լռելու

      Լավ, ի վերջո ե՞րբ ենք մենք միասնական քաղաքականու- թյուն ունենալու Ադրբեջանի հետ կապված հարցերում: Մեկ չենք գնում Բաքու, մեկ գնում ենք… Ի սկզբանե ակնհայտ էր, որ հարևան երկրի կողմից մեր դեմ վարվող քարոզչական և տեղեկատվական պատերազմի պայմաններում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը նույնպես օգտագործվելու է հակահայկական քարոզչական նպատակների համար: Եվ շատ բնական կլիներ, որ Հայաստանը հրաժարվեր պատվիրակություն ուղարկել Բաքու: Իսկ մենք քիչ է ուղարկեցինք, այն էլ ամբողջ կազմը: Հիմա լա՞վ է, գո՞հ են գնալու որոշում կայացնողները:Ի՞նչ մակարդակի վրա են ընդհանրապես մեր երկրում ընդունվում թշնամու երկիր գնալ-չգնալու մասին որոշումները: Վերլուծվու՞մ են արդյոք բոլոր հնարավոր պլյուսները և մինուսները: Խիստ կասկածում եմ, հակառակ դեպքում մեր պատվիրակներին չէինք ուղարկի մի երկիր, որտեղ իրենց անվանելու են ֆաշիստ և մարդասպան: Շատերը հիմա կասեն, որ դա լավ էր, քանի որ եվրոպացիները տեսան մեր հարևանների իրական դեմքը: Այդ մտքի հետ ես չեմ համաձայնվի, քանի որ դա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանն իրեն այդպես է պահում ու եվրոպացիներին արդեն երկար ժամանակ է ինչ շատ լավ հայտնի է մեր հարևանների իրական դեմքը, բայց իրենք լռում են: Իրենք լռելու են այդքան ժամանակ, մինչև որ մենք` Հայաստանը, չսկսենք բացահայտ և բարձրաձայն բողոքել, ներկայացնել իրական պատկերը, ամեն տեղ լքել դահլիճը ադրբեջանցիների ելույթների ժամանակ և կտրականապես հրաժարվենք մասնակցել Բաքվում անցկացվող որևէ միջոցառմանը: Ինչքան ժամանակ ինքներս մեզ չենք հարգի, այդքան ժամանակ էլ մեզ չեն հարգի նաև ուրիշները:

Оставьте комментарий