Հոդվածներ

ՀԱՅԵՐԸ  ԵՐԲԵՔ  ԴԻՎԱՆԱԳԵՏ  ՉԵ՞Ն  ԵՂԵԼ

«Հայերը պատմականորեն հայտնի են եղել որպես գիտնականներ, խոշոր վաճառականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, զորավարներ, բայց ոչ՝ քաղաքական գործիչներ: Հնարավոր է՝ այդ պատճառով էլ եղել են Օսմանյան Թուրքիային անցած Արևմտյան Հայաստանի նման կորուստներ: Այսօր պետք է լինել շատ հասուն քաղաքական գործիչ»:
 Ե. Մ. Պրիմակով, «Տարիները մեծ քաղաքականությունում» Մ. 1999թ., 398-րդ էջ:

   

       Հիշյալ մտքերը Եվգենի Պրիմակովն արտահայտել է դեռևս 1989 թվականին` հատուկ իր հետ զրույցի համար Մոսկվա ժամանած Ռոբերտ Քոչարյանի և Մաքսիմ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: Դրանից անցել է շուրջ 20 տարի, սակայն ոչինչ չի փոխվել` Պրիմակովի խոսքերն առայսօր արդիական են: Ցավով փաստում ենք, որ անկախության ողջ ժամանակահատվածում այդպես էլ գրեթե չունեցանք հասուն, իսկական պետականամետ քաղաքական գործիչներ: Այս տարիների ընթացքում մեր քաղաքական դաշտում տեսել ենք ամեն ինչ` սկզբունքայնության լիակատար բացակայություն, նենգություն, դավաճանություն, առնետավազք, երեկվա ընկերների փոխադարձ հայհոյախառն մեղադրանքներ…. Թվում է, թե արդեն ոչնչի վրա զարմանալ հնարավոր չէ: Uակայն հանկարծ հայտնվեց ինքն իրեն հիմնադիր անվանող մի անձնավորություն, որի գոյության մասին արդեն հասցրել էինք մոռանալ` իբրև չար երազ, որն այլևս երբեք չի կրկնվի: Եվ այդ մարդու հայտնվելուն պես նոր հասկացանք, թե ինչ է լիակատար անսկզբունքայնություն ասածը, նոր տեսանք, թե քաղաքական ցինիզմի դրսևորումներում ինչ պրոֆաններ են մեր, այսպես կոչված, քաղաքական գործիչները: Այդ անձն արեց ամեն ինչ` քաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար: Օգտագործվեցին բոլոր հնարավոր միջոցներն ու մեխանիզմները: Սակայն ժողովրդի լայն զանգվածներն այդպես էլ չգնացին նրա հետևից` մեր ժողովուրդը լավ հիշողություն ունի: Չենք մոռացել 94 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը ու, բնականաբար, չէինք կարող մոռանալ ընդամենը 15 տարվա վաղեմություն ունեցող սպիտակ Ցեղասպանության փորձը: 

     Ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս դժվար է չտրվել էմոցիաներին: Չնայած այդ տարիներին բավական երիտասարդ էի, բայց լավ եմ հիշում 1988-1991 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները` Տեր-Պետրոսյանի առաջին հայտնությունը և մեր բոլորի հույսերը, որ այս մարդը կտանի մեզ դեպի անկախ և արժանապատիվ ապագա: Ողջ ազգը իրոք հավատում էր նրան: Եվ 1991թ. ընտրությունների արդյունքները երևի թե միակն են անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ, որոնք որևէ մեկը մինչև օրս կասկածի տակ չի դրել: Հետո եկան մութ և ցուրտ տարիները, բայց մենք դեռ շարունակում էինք հավատալ` թվում էր, որ դա երկար չի տևի, որ դարերով անկախություն չունեցած և այսօր անկախ ապրել ցանկացող ազգը չի կարող որոշակի զրկանքներից զերծ մնալ, բայց, միևնույն է լավ է լինելու: Սակայն անցան տարիներ, հայորդին հաղթանակած դուրս եկավ մեզ պարտադրված պատերազմում, բայց ոչինչ չփոխվեց` անգամ դրական լուծման համար որոշակի ժամանակ պահանջող, սակայն ընդհանուր առմամբ ոչ բարդ խնդիրներն այդպես էլ մնացին չլուծված: Իսկ հետո ինացանք, որ մութ և ցուրտ տարիներին արտադրվում էր նույնքան էլեկտրաէներգիա, որքան այսօր, իմացանք, որ երկար տարիներ ՆԳՆ համակարգում գործում էին նախարարի անձնական օգտագործման հանցավոր խմբավորումներ, և բազմաթիվ նմանատիպ երևույթներ հասու դարձան մեր հանրությանը: Իսկ այսօր իրեն հանրապետության հիմնադիր հայտարարած մարդը հայտարարում է, որ միայն 1998 թվականից հետո են բոլոր ընտրությունները գողացված, իսկ քանի որ այսքանից հետո դեռ լսողներ են գտնվում` թե՜ իր պահվածքը, թե՜ հայտարարարությունները դառնում են ավելի ցինիկ: Այսքանից հետո ի՞նչ պետք է մտածեն նրա մասին այն երկրի քաղաքացիները, որն ինքը «հիմնադրել է»: Լևոն Տեր-Պետրոսյանն արեց ամեն ինչ, որ արժանանա հակահայկական և թուրքամետ գործչի պիտակին, բայց նրան լսելով պարզում ենք, որ ներկայիս իշխանություններն են ծախվում թուրքերին, և որ «մադրիդյան սկզբունքների կիրառման դեպքում մենք կարող ենք կորցնել Ղարաբաղը»: Սակայն ի՞նչ ասել է` կորցնել Ղարաբաղը: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե ոչ միայն ազատագրված տարածքները միացվեին Հայաստանին, այլև Նախիջևանը նույնպես, վատ չէր լինի նաև, եթե Թուրքիան վերադարձներ Արարատն իր շրջակա տարածքով, Ղարսը, Վանը…: Նման ցանկություն հայտնելը տրամաբանական է հայի համար, սակայն իրեն քաղաքական գործիչ համարող, քաղաքական կատեգորիաներով առաջնորդվող մարդն իրավունք ունի՞, արդյոք, հրապարակավ նման ցանկություն հայտնել: Արդյո՞ք ստիպված ենք լինելու ընդունել, որ Ե. Պրիմակովի շուրջ 20 տարի առաջ ասած խոսքերը շարունակում են մնալ արդիական: Բազմիցս է հայտարարվել, որ Հայաստանը հավանություն չի տվել մադրիդյան սկզբունքներին, այլ ընդամենը համաձայնել է ընդունել այն որպես ապագա բանակցությունների հիմք: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունում հստակ նշված է, որ կողմերը համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, և ոչ մի խոսք չկա որևէ նախապայմանի մասին: Սակայն իրենց արմատական անվանող մարդկանց դա չի հետաքրքրում, քանզի քննադատելու համար պատրվակ էր հարկավոր: Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ ժամանակին իր` հավանություն տված տարբերակում Ղարաբաղի քաղաքացիները պետք է ընտրեին Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներ և ունենային այդ երկրի անձնագրեր: Իսկ այսօր առաջին անգամ հստակ դրվում է Ղարաբաղի ինքնորոշման իրացման հնարավորության սկզբունքը, ինչն ընդունում են և’ Ադրբեջանը, և’ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ուղղակի պետք է ավելի ակտիվ ու միաժամանակ նաև ուշադիր լինել, որպեսզի այդ գաղափարները դառնան իրականություն: Չպետք է մոռանալ, որ կարևորը ոչ միայն սկզբունքներն են, այլև դրանց կիրառման մանրամասներն ու մեխանիզմները: Սակայն աշխատելու փոխարեն շարունակում ենք զբաղվել ներքին գզվռտոցով: Մեկ անգամ Տեր-Պետրոսյանին հաջողվեց իշխանության գալ ղարաբաղյան քարտի խաղարկմամբ: Բայց այսօր նույնը կրկնելու շարունակական փորձերը շատ ավելի վտանգավոր են, և արդյունքում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Հասկանում եմ, որ այս թեմայով կարելի է խոսել անվերջ, այդ իսկ պատճառով սահմանափակվեմ, թերևս, այսքանով: Ընդամենը մեկ հարց հնչեցնեմ` կարո՞ղ է, արդյոք երկար տարիներ իր առանձնատանը ինքնամեկուսացված և այդ ընթացքում որևէ հարցի շուրջ որևէ կարծիք չարտահայտած, ազգի համար ճակատագրական դարձած իր սխալների համար պատասխանատվության չափաբաժինը այդպես էլ չընդունած և իր ժողովրդից գոնե ձևական ներողություն չխնդրած, «աչքիս գերանը չտեսնելով` ուրիշի փշի մասին աջ ու ձախ գոռգոռամ» սկզբունքով առաջնորդվող անձնավորությունն իր հետևից ժողովրդի իրական զանգվածներ տանել և դառնալ ազգի փրկիչ:

        Համոզված եմ, որ հարցին անկեղծ պատասխանելու դեպքում՝ իմ և ընթերցողի կարծիքները կհամընկնեն:

«Ազատամտություն» օրաթերթ, 26 սեպտեմբերի, 2009 թ.:


Свежие записи

Երբ կփոխվի վերնախավը

7822Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում:  Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, մոտ ժամանակներս նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»): Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ:

Читать далее

  1. Как “обалбанить” армянское наследие? Leave a reply
  2. Իշխանությունը կարո՞ղ է հաղթել իր ներսի հրեշին Leave a reply
  3. Ծառուկյանը և մյուսները Leave a reply
  4. «25 տարի անց զրոյական տնտեսություն, արտագաղթ, անլույս ապագա» 2 комментария
  5. ՏԱՐՎԱ ՀԱՅԵՐ – 2014 Leave a reply
  6. «Ուշադրություն, նորից եմ բացատրում» Leave a reply
  7. «10 րոպե` թուղթ, 5 րոպե` հիվանդի բուժում» Leave a reply
  8. «Ходжалу — зловещая и смертоносная огневая точка» Leave a reply