Ծառուկյանը և մյուսները

              Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, մենք քանիցս ասել ենք, որ նրա ելույթները, ըստ էության, շատ հեռու են քաղաքական լինելուց եւ ավելի շուտ բաժակա- ճառեր են հիշեցնում, քան կուսակցական-քաղաքական գործչի խոսք:  Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, նրա ելույթները նույնն են մնացել` իմ խոսքը գործ է, մի բան խոստանում եմ` երկուսն եմ անում, իմ նպատակն այն է, որ մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան, ընտանիքի հոգս հոգան, մնան երկրում… Եվ պիտի խոստովանեմ` այսպես, քաղաքականությունից դուրս, Ծառուկյանի խոսքն ավելի հասկանալի է, ավելի արժանահավատ, քան երբ այն դիտարկում էինք Հայաստանի քաղաքական կառուցվածքի` համակարգի շրջանակից ներս: Այլ խոսքով` Գագիկ Ծառուկյանը ճեղքել է այդ համակարգը եւ հայտնվել ազատ տարածության մեջ, որտեղ ունի գործողությունների եւ ծրագրերի լիակատար ազատություն:

Այս միտքը, իհարկե, կարող է վիճելի նկատվել: Ոմանք կարող են պնդել, թե Գագիկ Ծառուկյանը տակավին ամուր թելերով կապված է իշխանությունների եւ համակարգի հետ եւ չի կարող գործել լիակատար անկախության պայմաններում: Իմ կարծիքով` այս տեսակետն այսօր գավառական մտածողության հետեւանք է ընդամենը: Ծառուկյանն Իվանիշվիլի չդարձավ, բայց չդարձավ նաեւ մեդիամագնատ Բերեզովսկի, որ նրան հալածեն իշխանությունները: Նա հիմա ավելի շատ նման է իր «աջը» քաշած Աբրամովիչին, որին հալածելը ոչ միայն անիմաստ զբաղմունք կլինի, այլեւ չի բխի հենց իշխանությունների եւ պետության շահերից: Կարող են մեզ մատնացույց անել` տես, փեսային նշանակեցին Կոտայքի մարզպետ: Հարցն էլ հենց այն է, որ նշանակեցին ոչ թե Ծառուկյանի խնդրանքով, այլ իրենց կամքով եւ նույնիսկ այն նպատակով, որ իրենք չմնան առանց Ծառուկյանի: Դժվար չէ հասկանալ, թե ինչով են ավարտվելու Ծառուկյան ընտանիքին պատկանող հաստատությունների ստուգումները: Դժվար չէ կռահել, որ Ծառուկյանը շարունակելու է չմասնակցել ԱԺ նիստերին, իսկ պետության թիվ երկու պաշտոնյան, գլուխը կախ, հարգելի է համարելու նրա բացակայությունները, դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանում տիրող ծանր տնտեսական վիճակի պատճառով այս տարի վտանգված է գյուղացիներից բերքի մթերման գործը, եւ հույսը դարձյալ Ծառուկյանն է, որ կկարողանա մթերել ողջ բարիքն ու կանխել սոցիալական բունտը, դժվար չէ կռահել, որ Ծառուկյանն այսօր իշխանություններին պետք է ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերից պաշտպանվելու, այլ ժողովրդական ալիքից պատսպարվելու համար:

Ամեն ինչ ավելի քան ակնհայտ է` Ծառուկյանի եւ իշխանությունների փոխհարաբերությունները գնալով դառնում են հավասարը-հավասարի, եւ դա այն պարզ պատճառով, որ երկուստեք հրաժարվել են միմյանց տարածքներ մուտք գործելուց: Կարճ ժամանակ անց Հայաստանում կարող է աննախադեպ հետաքրքիր իրավիճակ ստեղծվել` մի կողմում ծառուկյանակենտրոն իրական կյանքն է, իսկ մյուս կողմում` իշխանությունների ստեղծած վիրտուալ, անիրական հասարակական-քաղաքական կյանքը, որտեղ ամեն ինչ թղթի վրա գրովի է միայն: Եվ այդ երկու կյանքի, երկու աշխարհների միջեւ մրցակցության մասին խոսք անգամ չկա, քանզի Ծառուկյանը, ինչպես ամիսներ առաջ էր հայտարարում, գիտի ինչ անել, իսկ իշխանությունն ու քաղաքական մյուս ուժերը խոսելուց բացի ոչինչ չգիտեն: Տարբերությունը, կարծում ենք, ակնհայտ է:

Այս հոդվածի առիթը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի բացումն է, կարելի է ասել` Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը` իր աշխարհում: Առաջինն այն իմաստով, որ նա փետրվարի 12-ից հետո վերագտավ իր ինքնավստահությունն ու հասկացրեց հանրությանը, որ միջոցները կարող է ներդնել շատ ավելի նպատակային, քան այդ միջոցներով քաղաքական տիկնիկներ խաղացնելն է: Անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ դա հենց այդպես է: Այսուհանդերձ, ՀՀ իշխանությունների եւ Գագիկ Ծառուկյանի աշխարհների զուգահեռ գոյությունը Հայաստանին հետագա զարգացման երաշխիքներ տալ չի կարող, որովհետեւ ցանկացած լավ գործ միշտ կարոտ է քաղաքական ամրագրման, եւ ցանկացած քաղաքական քայլ ու որոշում կարոտ է գործով ապացուցման: Օրինակի համար վերցնենք Ծառուկյանի կողմից երբեմն-երբեմն կազմակերպվող անվճար բժշկական օգնությունները: Եթե նրա այս նախաձեռնությունն օրենք չդառնա առողջապահության ոլորտի համար, եւ առողջապահության նախարարը չիմանա, որ տարվա մեջ գոնե 10 օր պարտավոր է անվճար բուժօգնություն կազմակերպել հանրության լայն խավերի համար, ապա միանշանակ է, որ ընտրություններից առաջ կազմակերպվող այդ պիլոտային ծրագիրն այդպես էլ կմնա որպես ձեւականություն: Նույնը կարելի է ասել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնության մասին` ստվերը հանել ջրի երես: Ինչո՞ւ չարեցին կամ չեն կարողանում անել: Որովհետեւ ստվերի մասին օրենք չկա, որովհետեւ ստվերի գումարները պտտվում են ստվերում եւ հարստացնում վերեւներում գտնվող մի խումբ մարդկանց` ամուր կապելով խշխանություններին գործարար աշխարհի հետ: Նախ` այսպիսի օրենք գրեք` «ստվերային գործունեության համար` կախաղան», եւ ապա բոլոր գործարարներին քաղաքականությունից հեռացրեք, ինչպես Ծառուկյանին: Պատկերացրեք` դրանից հետո շատ բան կփոխվի Հայաստանում:

Հակառակ պարագայում, եւս մի քանի այսպիսի քայլ (նկատի ունենք «Առինջ մոլ»-ի բացումը), եւ հանրությունը վերջնականապես կմոռանա թե քաղաքական կյանքի եւ թե քաղաքական կազմակերպվածության մասին: Եվ դա, կարող եք չկասկածել, կապահովի Հայաստանի կայուն հետընթացը դեպի այն երկրների համակեցություն, որոնք հայտնի են «պետություն` այնքանով, որքանով» բնորոշմամբ:

Էդիկ Անդրեասյան  «Հրապարակ» օրաթերթ —01.05.2015թ.

Մշտական հղում` http://hraparak.am/?p=78495&l=am/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s