Իշխանությունը կարո՞ղ է հաղթել իր ներսի հրեշին

    Այս օրերին իշխանական, քաղաքական, վերլուծական շրջանակներից լսվող հիմնական տեսակետն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարն անցնում է նոր մակարդակի: Իհարկե, դեռ կոնկրետ չէ, թե այդ նոր մակարդակը որն է, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի, մանավանդ որ Հայաստանի նախագահը «Պոզներ» հաղորդմանը հասկացրեց, որ մեր ուզած նոր մակարդակն ու իր պատկերացրած մակարդակը բոլորովին այլ են: Ինչեւէ: Բացվեց երկրորդ հարյուրամյակի էջը: Պետք է գնահատել, որ իրոք միջոցառումները կազմակերպվել էին մեծ որակով: Իրոք, կարողացավ Հայաստանն իր վրա մեծ ուշադրություն բեւեռել, այդ ուշադրությունը բեւեռեցին շատերը՝ Ֆրանցիսկոս պապը, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը, որին հաջորդեցին եվրոպական մի քանի խորհրդարաններ, Քարդաշյանը, նախագահների այցը, Թուրքիայի ջղաձգումները, Թանկյանի համերգը, համաշխարհային մամուլի ուշադրությունը:
Իսկ ի՞նչ պետք է անել այս աշխուժության հետ: Շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչ է լինելու հետո, որն է ճանապարհը:

Կա անհանգստություն, որ Ցեղասպանության հարցի արծարծումը կարող է մարել, ինչպես որ ապրիլի 24-ին հաջորդող օրերին գրեթե դադարեցին: Ամեն ինչ ընկնի սովորական հուն, եւ դրանից հետո մեզ կմնա կլոր տարիներին սպասել նախագահների այցի: Հենց սա պետք է թույլ չտալ: Ի՞նչ կլինի եկող ապրիլի 24-ին, եթե տեսնենք, որ մենք ոչինչ չենք ավելացրել եւ ունենք այն, ինչ ունեինք նախորդ տարիներին: Աշխարհի ուշադրության կենտրոնում էինք, եւ հիմա հարկ է այնպես անել, որ այդ ուշադրությունից չհեռանանք: Սպասել, որ ԱՄՆ-ն, Իսրայելը, Մեծ Բրիտանիան կճանաչեն մեր ողբերգությունը, անիմաստ է: Առավել եւս սպասել, որ նրանք ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա՝ ճանաչելու իր մեծագույն հանցանքը, անպտուղ ճանապարհ է: Թուրքիան ճնշումներին չի ենթարկվելու: Այն աշխարհի հզոր տնտեսություններից երկրորդ տասնյակում է: Իսկ ո՞ւր ենք մենք: Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանը, Թուրքիայի հարավկենտրոնական հատվածում գտնվող Սբ. Սոֆիայի տաճարը վերադարձնելու հայցով: Կվերադարձնե՞ն: Բնականաբար՝ ոչ: Այսօր գուցե հարյուր հազար է մարդկանց թիվը Թուրքիայի ներսում, ովքեր առերեսվում են սեփական պատմությանը… 77 միլիոնից:

Ուրեմն հետագա ընթացքը պետք է լինի այլ կերպ, Հայաստանը կարող է բոլորովին այլ ճանապարհով օգուտ քաղել: Այս ամբողջ ընթացքում մեր փոքրիկ երկրի նկատմամբ աշխարհում մեծացել է հետաքրքրությունները, որոնողական համակարգերում, սոցիալական ցանցերում, դրսի պաշտոնյաների մոտ, Հայաստանի մասին ռեպորտաժներ են պատրաստում բազմաթիվ երկրների հեռուստաընկերություններ, նոր բացահայտված երկիր որպես՝ ներկայացնում իրենց հանրությանը: Պետք է սրանից օգտվել: Սա Հայաստանի զարգացման ճանապարհ կդառնա: Մեկտեղել հնարավորությունները, զարկ տալ երկրի զարգացմանը, ներգրավել ներդրումներ, ճյուղ-ճյուղ զարգացնել, վերջ տալ կոռուպցիային, դատական ընտրովի արդարադատությանը, ունենալ ներքին ամրություն, ուժեղացնել ներքին ուժը, Սփյուռքը, մեր դրսի բարեկամ երկրների հետ իրականացնել զարգացման ծրագրեր, թողնել երկիրը շնչի, պետությունը սարքել պետություն ու դառնալ խաղացող: Ցույց տալ, որ դու տարածաշրջանում ուժ ես, եւ քեզ հետ հաշվի չնստելու պարագայում կարող ես դառնալ լուրջ խնդիր: Սա է իրական հնարավորությունը եւ սա չի լինելու դրսում, եթե երկրիդ ներսում դու այն ես, ինչ կաս այսօր: Մեր իշխանավորներն անգիր արած մեկ նախադասություն ունեն՝ միեւնույն է, վճռական պահերին ժողովուրդը միասնական է: Այդ վճռական պահերը երկուսն են՝ Ցեղասպանություն եւ Ղարաբաղի հարց: Բա մյո՞ւս դեպքերում: Ցավով եմ նշում, որ գյուղերում հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, որոնց արդեն չի հետաքրքրում ղարաբաղյան պայքարը, քանի որ հացի խնդիրն է արդեն առաջնային, ներքին արդարությունը: Իսկ ի՞նչ է արվում միասնական լինելու համար, ո՞վ է անում եւ անո՞ւմ է արդյոք: Չկա, ու չկա նաեւ հույս: Ներքին խնդիրների կարգավորմամբ է, որ կկարողանանք արտաքին քաղաքականության օրակարգի բոլոր հարցերի նկատմամբ ուշադրություն բեւեռել:

Կկարողանա՞ իշխանությունը հաղթել իր մեջ եղած գոռոզամտությանը, թալանին, անարդարությանը, կկարողանա՞ փոխվել ու դառնալ ժողովրդի բարեկամը: Կկարողանա՞ հաղթել ինքն իրեն: Եթե այո, ուրեմն հենց այդ ժամանակ մենք իրոք կհաղթենք: Իսկ հիմա մենք չհաղթեցինք, հաղթեց Ֆրանցիսկոս պապը, հաղթեցին Քարդաշյանը, Պուտինը, Օլանդը, Թանկյանը եւ մյուսները, ովքեր եկան մեր կողքին կանգնելու, մեզ բարձրացնելու: Հիմա թողել են: Ուրեմն պետք է չընկնել:

Սեւակ Հակոբյան  — «Հրապարակ» օրաթերթ —01.05.2015թ.

Մշտական հղում`  http://hraparak.am/?p=78497&l=am/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s