«25 տարի անց զրոյական տնտեսություն, արտագաղթ, անլույս ապագա»

 Մեր որոշ քաղաքական ուժերի թվում է, թե իրենք գործ ունեն ոչ թե հասարակության հետ, այլ ապուշների հավաքականության: Նրանց թվում է, թե հարթակի կողմը նայող եւ այնտեղից հնչող ելույթները լսող մարդիկ հենց միայն նրա համար են, որ այդ բլթոցներն ընդունեն որպես ճշմարտություն ճշմարտությանց եւ շարժվեն բլթոցների հեղինակների ցույց տված ուղղությամբ: Եվ, ամենակարեւորը` ոմանց թվում է, թե ներքեւում հավաքված ապուշների հավաքականությունը հիշողություն եւ սեփական մտածելակերպ չունի:

Ցավում եմ, բայց ՀԱԿ-ն այդ քաղաքական ուժերի առաջատարն է: ՀԱԿ-ում քաղաքական շուստրիությունն ու հասարակությանն ապուշի տեղ դնելու գործելակերպը դարձել են կեցվածք: Դրանում մենք հերթական անգամ համոզվեցինք՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ սկսված քննարկումների կապակցությամբ ՀԱԿ տարածած հայտարարությունն ընթերցելով: Չգիտեմ ինչ գնահատական տալ: Ջուրը, որ ջուր է, որոշակի բաղադրություն ու հատկություններ ունի: ՀԱԿ հայտարարության մեջ նույնիսկ ջուր չկա: Հակասությունների եւ սխալասացությունների մի ամբողջ կույտ` գումարած մարդկանց ապուշի տեղ դնելու անսքող ձգտում:
    Հայտարարությունն սկսել են բարձրագոչ տողերով. «Գործող Սահմանադրությունից հրաժարվելու եւ կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու» Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ` վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը»: ՀԱԿ-ին մի հարց ունենք` 2008 թվականից այսկողմ պայքարում եք ավազակապետության դեմ եւ փորձում եք հայ ժողովրդին ազատել ոչ օրինակարգ իշխանությունից, այդ թվում եւ նախագահ Սարգսյանից: Այդպե՞ս է: Այդ ընթացքում ինչ ասես` չեք արել, չէ՞. երկխոսել եք Սերժ Սարգսյանի հետ, հարգել եք նրա հայ-թուրքական ֆուտբոլը, Սերժին բարեկամաբար խնդրել եք բացել Օպերայի զուգարանները, դարձել եք մարտի 1-ի ակտիվ դերակատարներից մեկի` ընդդիմադիր դաշտ բերված ԲՀԿ-ի կցորդը, 2014թ. հոկտեմբերի 10-ին զուռնա-դհոլով ողջունել եք Սերժ Սարգսյանի` Մինսկում ստորագրած փաստաթուղթը, բաց ու փակ նամակներ հղել ոչ օրինակարգ նախագահին` ցեղասպանության հռչակագիրը քննարկելու եւ բարեփոխելու առաջարկով: Փաստորեն, այս ամենը ոչ թե պայքար, այլ մարդկանց ապուշի տեղ դնելու գործընթաց է եղել, որովհետեւ, արդ, խոստովանում եք, որ միայն Սահմանադրության արգելքով է հնարավոր Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացումը: Ճի՞շտ ենք հասկացել, արդյոք, ձեր տարածած հայտարարության միտք բանին:

       ՀԱԿ-ը փաստում է. «Մերժելով խնդիրները լուծելու քաղաքական միջոցները, կոպտորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, պետական ահաբեկչությամբ Ս. Սարգսյանը փորձեց կասեցնել իր իշխանության երկարաձգմանը դիմակայող համաժողովրդական, ժողովրդավարական շարժման ընթացքը»: Սա լրիվ կուտ է, որ ՀԱԿ-ը հրամցնում է հասարակությանը: Մենք, իհարկե, չենք ողջունում ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը եւ այն մեթոդները, որով նա ԲՀԿ առաջնորդին հեռացրեց քաղաքականությունից: Բայց հետաքրքիր է, թե ինչու է համաժողովրդական շարժումը տապալվել այդ մեկ մարդու հեռացմամբ: ՀԱԿ-ն ունի՞ այս հարցի պատասխանը: Ահավասիկ, ԲՀԿ-ն շարունակում է մնալ ԱԺ երկրորդ ամենամեծ ֆրակցիան, ոչ ոք չի բանտարկվել, ոչ մեկի բիզնեսը չեն խլել… Նաիրա Զոհրաբյանն էր իրեն մի փոքր վատ զգացել, այն էլ, փառք Աստծո, հիմա արդեն լավ է: Շարունակեք «համաժողովրդական» շարժումը, ինչո՞ւ եք լռվել ու միայն նախագահին եք մեղադրում: Փո՞ղ չկա: Իհարկե, փողը կարեւոր է: Այո, պետք էր այդ մասին ավելի շուտ մտածել եւ Գագիկ Ծառուկյանի փողերի վրա ժողովրդավարության օդեղեն դղյակներ չկառուցել: Ստացվում է` համաժողովրդական շարժումը մեռավ փող չլինելու պատճառով: Տխուր է: Քաղաքական ուժը հոտից տարբերվում է առաջին հերթին իր նպատակներով: Փորձենք հասկանալ` ո՞րն է ՀԱԿ-ի նպատակն այս դեպքում: ՀԱԿ-ը դեմ է սահմանադրական բարփոխումներին` ինչո՞ւ: Արդյոք միայն ա՞յն բանի համար, որ չվերանա Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման սահմանադրական արգելքը: Անձի՞ խնդիր է, թե՞ ավելի լուրջ պատճառներ ունեն նախագահական կարգը պահելու այս դիրքորոշման համար: Բանն այն է, որ հայ ժողովուրդը հուսալիորեն պաշտպանված է ՀԱԿ-ի իշխանությունից եւ ՀԱԿ անդամ նախագահ ունենալու հեռանկարից: Բայց նույնիսկ եթե մտածենք, որ ՀԱԿ-ը 2018թ. նախագահական ընտրություններում հաղթանակի լուրջ շանսեր ունի եւ այդ պատճառով է ատամներով պաշտպանում նախագահական կառավարման համակարգը, ապա հարց է առաջանում` ո՞ւր են երաշխիքները, որ ՀԱԿ-ի նախագահացուն չի լինելու նույնը, ինչ ՀՀ մյուս նախագահները, այսինքն՝ միապետ իր բոլոր դրսեւորումներով հանդերձ: Ի վերջո, կա նաեւ 1994թ. ՀՀ նախագահի դեկտեմբերի 28-ի հայտնի ելույթի հիշողությունը, ելույթ, որ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից շատ քիչ բանով էր տարբերվում, իսկ դրան հաջորդած իրադարձություններն իրենց «դաժանությամբ» մի քանի անգամ գերազանցում էին ԲՀԿ-ի հետ կատարվածը:

      Եվ վերջում՝ ՀԱԿ-ի սուտ վախերի մասին: Նրանք իրենց հայտարարության մեջ «սրտացավորեն» նշում են. «Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունեց, որ կասկածներ ունի առ այն, որ առաջարկվող խորհրդարանական համակարգը կարող է ապահովել երկրի արտաքին եւ ներքին կայունությունն ու անվտանգությունը, միաժամանակ ընդունելով, որ դրանք ապահովված են գործող Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ նա, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, առաջ է տանում Սահմանադրության փոխման՝ կառավարման խորհրդարանական ձեւ ենթադրող գործընթացը: Այսինքն՝ իշխանության երկարաձգման մոլուցքին տրված իր դիրքորոշմամբ Ս. Սարգսյանը, ըստ էության, երկիրն ու ժողովրդին տանում է ստույգ արկածախնդրության»: Իրոք տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը, լինելով նախագահական կառավարման կողմնակից (նա քանիցս խոստովանել է դա), փորձում է փոխել երկրի կառավարման կարգը: ՀԱԿ-ը պնդում է, որ նախագահը դա անում է իր իշխանությունը հավերժացնելու նպատակով: Բայց հարց է առաջանում` ո՞ւմ է պետք այն իշխանությունը, որ հիմնված է լինելու արկածախնդրության երերուն ոտքերի վրա: Ինչո՞ւ է ՀԱԿ-ն այդպես համոզված, որ խորհրդարանական կառավարումն արկածախնդրություն է: Իր գոյության 25 տարիների ընթացքում այդ ինչի՞ է հասել նախագահական Հայաստանը… Իսկ արկածախնդրություն չի՞ եղել, արդյոք, մեր երեք նախագահների գործունեությունը` անկախությունից 25 տարի անց ունենալ զրոյական տնտեսություն, շրջափակում, արտագաղթ, աղքատություն, անլույս ապագա… Ասում են` Սահմանադրությունը մեղավոր չէ: Իսկ ե՞ս եմ մեղավոր, որ այդ Սահմանադրությունն իրավունք է տալիս այսպես ոտնահարել իրեն ու անել այն, ինչ ուզում են: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը չի ոտնահարել Սահմանադրությունը: Բա բռնեիք ձեռքները: Հա՜, Սահմանադրությո՞ւնը թույլ չի տվել… Թույլ չի տվել, որ հասնեք իմպիչմենտի, որ համաժողովրդական շարժումներով իշխանափոխություն տեղի ունենա, որ մարտի 1-ը չորակվի որպես հեղաշրջման փորձ: Դե ուրեմն եկեք ա-ն ասելուց հետո բ-ն էլ ասենք: Մանավանդ ՀԱԿ-ի պարագայում դա շատ էական է, որովհետեւ նման կենսագրությամբ ուժի լուսանցքում հայտնվելը կարող է անդառնալի լինել: Նկատի ունենք քաղաքագիտական լրջագույն ձախողումները, որ հետապնդում են նրան 2008-ից այսկողմ:

                  Էդիկ Անդրեասյան  /»Հրապարակ» օրաթերթ — 18.04.2015թ./

Մշտական հղում` http://hraparak.am/?p=75216&l=am/

Реклама

2 thoughts on “«25 տարի անց զրոյական տնտեսություն, արտագաղթ, անլույս ապագա»

  1. Barev Dzes — karciki het iharke hamazayn em, bayc inz hetakrkir e te inchu e es verjerz dzer kayqum miayn artatpumner en ayl kayqeric?, araj lav hodvacner eik grum, kardum eink))

  2. Բարև Ձեզ Մարի, շնորհակալ եմ Ձեր հարցի և ուշադրության համար: Խնդիրը կայանում է նրանում, որ վերջերս զբաղվածությունից ելնելով ազատ ժամանակ քիչ եմ ունենում և մինչև ինչ-որ խնդրի վերաբերյալ պատրաստվում եմ մի բան գրել, տեղեկանում եմ, որ այդ կապակցությամբ արդեն հոդված կա, որում արտահայտված մտքերը ես ամբողջությամբ կիսում եմ: Հիմա ի՞նչ իմաստ ունի նույն հարցի շուրջ նույն մտքերը շարադրել, եթե մի խելացի մարդ արդեն արել է դա և դու կարող ես քո մոտեցումը ցուցադրել հիշյալ հոդվածը քո կայքում տեղադրելով: Միևնույն ժամանակ համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է ավելի ակտիվ լինել, կփորձեմ փոխվել: Հարգանքով՝ Լևոն Երզնկյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s