«10 րոպե` թուղթ, 5 րոպե` հիվանդի բուժում»

    Եթե մեկը մեզ ասի, թե այսինչը հարստացել է բացա -ռապես ազնիվ աշխատանքով, կծիծաղենք, հետո տարակուսանքով կնայենք ասողին. առո՞ղջ է: Որովհե տեւ գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ մեր իրականության մեջ նման բան չի լինում: Գիտենք, որ հուժկու պաշտոն կամ գռփողական մեխանիզմի բանալի չունեցողը գտնվում է պարզունակ գոյատեւման մշտական պայքարի մեջ: Ինչեւէ, չծավալվենք եւ չնեղացնենք քչերին, բայց շատերի համար ասենք, որ բարոյազրկության միակ հետեւանքը մարմին ծախելը չէ, քանզի վերոհիշյալ տարածքն այնքան մեծ է եւ ընդգրկուն, որ տեղավորում է նաեւ կառավարական գործունեության ինչ-ինչ բնագավառներ: Դրա ապացույցը մարդկանց վճարվող զարհուրելի աշխատավարձերն են, որ գների աշխույժ պտույտների մեջ չեն էլ երեւում: Թող ինձ ներեն գիտության բնագավառի, մասնավորապես, ԳԱԱ համակարգի աշխատողները, բոլոր նրանք, ովքեր միամտություն են ունեցել ապավինելու ազնիվ աշխատանքին, բայց պիտի ասեմ, որ բժիշկներին վճարվող աշխատավարձը հիշեցնում է Եվայի միակ տերեւը:

Բժիշկներին սեփական գրպանից վճարած, «պարտքի տակ չմնացած» նախկին հիվանդներին հիշեցնեմ, որ սպիտակ խալաթի գրպանը կոխած փողը, որ խալաթակիր ոմանց ճակատին արդեն քրտինք էլ չի առաջացնում, այն նույն բարոյազրկության ճշգրիտ չափն է, որով շնչում եւ առաջնորդվում է հասարակությունը: Գիտեմ` որքան (քանիս) արժե այս կամ այն վիրահատությունը, մոտավորապես գիտեմ դեղորայքի դիմաց պահանջվող աստղաբաշխությունը ու… չեմ մեղադրում բժիշկներին: Խոսքս, իհարկե, նրանց մասին չէ, ում խալաթը մաշվել կամ գորշացել է գրպանը մտնող ու դուրս եկող ձեռքերի շփումից, մանավանդ երբ այդ ձեռքերի մեջ կան նաեւ թոշակառուների, ուրիշից պարտք արածների ձեռքեր: Այսինքն՝ խոսքս կաշառակերների, պլոկողների մասին չէ, այլ նրանց, ում պարտադրվել է սոցիալական թշվառություն, եւ որոնց պարզունակ գոյատեւումն անգամ ճիգ է պահանջում:

Ազնիվ աշխատանքով (առանց ուրիշից փող կորզելու) ապրող բժիշկ: Ծիծաղելի՞ է: Բայց կան: Հաստատ գիտեմ, քանի որ շատերին ճանաչում եմ, ու այդ շատերից մեկը ընկերս է` առաջնակարգ սրտաբան: Զարհուրանքով իմացա, որ ստանում է ընդամենը 60-65 հազար դրամ աշխատավարձ: Այս խայտառակությունն ինձ տարավ պոլիկլինիկա, ուր տեղեկացա, որ, օրինակ, բժիշկը պայմանագրային մեկ հիվանդի սպասարկման համար ստանում է մոտ 45 դրամ: Հիմա` մեր օրերում, այս գների պայմաններում: Ընդ որում, այսօր բժշկական սպասարկման մեջ ամենակարեւորը թուղթ լրացնելն է, քանի որ աշխատավարձը կախված է դրանից. այսինքն` 10 րոպե` թուղթ, 5 րոպե` հիվանդի բուժում: Կրկին թող ինձ ներեն բոլոր նրանք, ում սիրում եմ ազնիվ տքնանքի համար, բայց, ասենք, սրտաբանը, որի ջանքով ուրիշի սիրտն սկսում է համաչափ բաբախել, սեփական սրտի զարկերը ի՞նչ հնարով պիտի կարգավորի, ի՞նչ պիտի անի այդ ողորմաբաժինը եւ մանավանդ ինչպե՞ս: Կարո՞ղ է մարդը զբաղվել ուրիշի առողջությունը վերականգնելով, երբ կամա-ակամա միտքը զբաղված է այդ «ալեգորիկ» աշխատավարձը մի երկու հացի, մի քանի ձվի, գազի, ջրի, լույսի բաժանելու անհնարին թվաբանությամբ: Մարդ կա, որն իր պարտականությունները կատարելու համար ուրիշից փող վերցնել չի կարող` ազնիվ մարդ է: Հասկանալի՞ է, «աշխատավարձ» բարձրացնողներ: Ի՞նչ անի, երբ այդ անտեր ազնվությունը ցուցադրական չէ, մի կողմ շպրտելու չէ: Ի՞նչ անի, երբ բժիշկ է ու չի կարողանում դառնալ չարչի: Թքել ու հեռանալ էլ չի կարող. դարձյալ արյուն է:

Կա պաշտոնական մեկ պատասխան` «այս տարի ավելի լավ է, քան անցյալ տարի, եկող տարի ավելի լավ կլինի, քան այս տարի»: Ըստ հայտարարությունների, հնարավորությունների սահմաններում աշխատավարձերը բարձրացնում են: Բայց այսօր 5-10 հազարով աշխատավարձ բարձրացնելն ավելի շատ նման է մարդկանց ձեռ առնելու: Հետո էլ արտասահմանյան ծրագիր-մրագիր ու վերջ: Որոշ պաշտոնյաներ էլ սրա վրա ցանում են դոլարի անկայուն աղը, տխուր հայացքով հիշում, որ փող չկա, խոսում իրենց ճիգ ու ջանքից եւ հարցը փակում: Բայց փակելիս լսվում է մեր հարցական ճռռոցը. եթե փող չկա, ի՞նչն է դառնում դղյակ(ներ) ու հանք, ջիպեր ու շքեղագույն հարսանիքներ, միլիարդատիրոջ կյանք ու կուտակվում-կուտակվում, ապա հեռանում ոչ մերձավոր արտասահման: Իմանանք, որ լռենք: Այլապես չենք հասկանում, թե որ օրենքով իրեն առեւտրին հանձնել չկարողացողը պիտի հանձնվի Երկնայինի կամքին: Բազարների մայրաքաղաքի «գրքի հատվածում» աչքովս ընկավ մի ձեռնարկ, որը հասցեագրված էր գործարար մարդ (եւ այդպիսով մարդ) դառնալ ցանկացողներին: Սովորեցնում էր բիզնեսի «ինչն ու ինչպեսը»: Մի շատ կարեւոր բան էր պակասում այդ ձեռնարկում` փողը: Մնացածն ինքնըստինքյան կկարգավորվեր: Տուրեւառությունից զերծ բոլորի ճակատին գրված է «պարզունակ գոյատեւում» այն ճանապարհի, որի սկիզբն այս ամսվա աշխատավարձն է, իսկ վերջը, եթե հասան, մյուս ամսվա: Հասան` կսկսեն նորից: Չհասան, ուրեմն մեռել են:
Դժվարին ժամանակներ են` կասեն ոմանք ու կտմբտմբացնեն իրենց վերնամասը: Այս ժամանակավրեպ խրտվիլակներին արդեն չես էլ ուզում ասել` ամոթ է:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ «Հրապարակ» օրաթերթ 20.08.2014թ.

Մշտական հղում՝

http://www.hraparak.am/?p=60952&l=am/10+rope+tuxt+5+rope+hivandi+bugum

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s