«Այսօր դատական համակարգը գրեթե անվերահսկելի է» — 2012

    Ինչ խոսք, փաստաբանների կողմից ձեռնարկված վերջին ակցիան անսպասելի էր շատերի համար: Նորանկախ Հայաստանի դատական և փաստաբանական համակարգի կայացման առաջին իսկ օրերից սկսվել էր ձևավորվել մի մոտեցում, որ փաստաբանական համակարգը, խորհրդային «բարի» ավանդույթների համաձայն, շարունակելու է մնալ դատական համակարգի կցորդը և փաստաբանի հիմնական առաքելությունը դա դատավորի հետ «լեզու գտնելն» է լինելու, պարզ ասած` միջնորդի դեր կատարելը: Եվ պետք է փաստել, որ այդ տեսակետի ամրապնդմանը ժամանակին շատ նպաստեցին հենց իրենք` փաստաբանները: Որ մի դատավորի կամ դատախազի մտքով այն ժամանակ կարող էր անցնել, որ փաստաբանը կարող է վիճաբանել իրենց հետ, դա էլ քիչ է, մի հատ էլ փաստերով ապացուցել կոնկրետ դեպքի հետ կապված իրենց իրավական անգրագիտությունը: Սակայն ժամանակները փոխվել են և դրա հետ մեկ տեղ փոխվեց ամեն ինչ, բացի ՀՀ դատական համակարգից:  Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ դատական համակարգը որևէ դրական փոփոխության չի ենթարկվում, այլ տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը: Օրեր առաջ փաստաբանների կողմից տվյալներ ներկայացվեցին, համաձայն որոնց 2008 թվականից ի վեր վարչական դատարանի կողմից Կառավարության նորմատիվ որոշումներն անվավեր ճանաչելու ցուցանիշը զրո (!) տոկոս է, իսկ 2011 թվականին ՀՀ առաջին ատյանի  դատարաններում քրեական գործերով անձի վերաբերյալ կայացված դատական ակտերի արդյունքում լրիվ արադարացվել է ընդամենը 54 անձ: Նախորդ տարի քրեական գործերով բերվել է 1203 վճռաբեկ բողոք, որոնցից վարույթ է ընդունվել ընդամենը 45-ը, բավարարվել` 28-ը: Հատկապես մտահոգիչ է վճռաբեկ դատարանում տիրող իրավիճակը` դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս որևէ արձանագրություն չի վարվում, նիստերը չեն ձայնագրվում, վճռաբեկ բողոքները վերադարձնելիս, վերադարձման հիմքերը պատշաճ չեն հիմնավորվում:

      Մամուլից տեղեկանալով այս թվերին, ես հիշեցի դեռևս 2010 թվականի օգոստոսի` «Այսօր դատական համակարգը գրեթե անվերահսկելի է» վերնագրով իմ հարցազրույցը, որտեղ բարձրացվել էին նաև մի շարք խնդիրներ, կապված Հայաստանի դատական համակարգի հետ: Մի  քանի մեջբերում այդ հարցազրույցից.

<< Հանցավորության դեմ պայքարին հաստատ չեն նպաստում մեր դատարանների անգամ ոչ մեծ ծանրության հանցանքի համար առավելագույն պատիժ նշանակելու` ձևավորված ոչ բարի ավանդույթը, արդարացման դատավճիռների գրեթե ի սպառ բացակայությունը, և ինչու չէ` նաև դատական սխալները: 

Դատավորի անկախ լինելու և միայն օրենքին ենթարկվելու գաղափարը ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, սակայն դատարանների անկախ լինելու հանգամանքը, որն աշխարհում ընդունված և ժողովրդավարական երկրի համար միակ ճիշտ տարբերակն է, ոմանց կողմից Հայաստանում հասկացվում է բառացիորեն, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս անցումային փուլում է և համապատասխան հիմք չունի այն հստակ իրագործելու համար»:

«Այսինքն, եթե դեռ մի քանի տարի առաջ դատական համակարգը վերահսկելու գործառույթներ ունեին ՀՀ նախագահի աշխատակազմի, ինչպես նաև արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումները, ապա այսօր դատական համակարգը գրեթե բացարձակ անվերահսկելի վիճակում է, որի արդյունքում մեր դատավորները կարող են իրենց թույլ տալ կիրառել ՍԴ կողմից տարիներ առաջ արդեն իսկ հակասահմանադրական ճանաչված նորմ, կամ առանց նիստ անելու որոշում կայացնել նիստը հետաձգելու մասին»,-իր տեսակետը հայտնեց Լ.Երզնկյանը:

Լ.Երզնկյանի կարծիքով, գործող օրենսդրության կոպտագույն խախտումներից է նաև գործով էական նշանակություն ունեցող փաստաթղթրի բնօրինակի բացակայության պայմաններում դատավճռի հիմքում դրա քսերոպատճեն դնելը, կամ դատավորի օգնականի կողմից` իր ստորագրությամբ, քաղաքացու հայցադիմումը հետ վերադարձնելը: Բացի այդ, մեր դատավորների մոտ համատարած «ավանդույթ» է դարձել նախաքննության մարմնի հետ անվերապահորեն համաձայնվելը և անգամ ոչ մեծ ծանրության հանցագործությունների նախաքննության փուլում, այդ գործերով մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ որոշումներ կայացնելը, անտեսելով գրավը և քրեական օրենսդրությամբ նախատեսված այլընտրանքային մյուս պատժատեսակները: 

      Նրա խոսքով, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կատարյալ և իրականում անկախ դատական համակարգ ունենալու համար: Լուծումները կարելի է գտնել, ասենք, մշակելով համապատասխան մոտեցումներ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր դատավորի կողմից օրենքի պահանջների հստակ և միատեսակ կիրառման նկատմամբ հսկողությունը դնել նաև դատական համակարգի ընդհանուր ենթակայության և վերահսկողության շրջանակներից դուրս գտնվող պետական մարմինների վրա, ինչը էապես կնպաստի տվյալ ոլորտում ընդհանուր իրավիճակի բարելավմանը….>>

http://www.panorama.am/am/law/2010/08/05/levon-yerznkyan/

Ինչպես տեսնում ենք, գրեթե ոչինչ չի փոխվել, համենայն դեպս ինձ համար նկատելի է միայն որոշակի չափով գրավի կիրառման դեպքերի ավելացումը, որը սակայն էական դեր դերևս չի խաղում: Իսկ այն ժամանակ բավականին մեծ քանակությամբ արձագանքներ ստացա, որոնց գերակշիռ մասի հիմնական մեխը այն էր, որ ընդունելով իմ մտահոգությունները դատական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ, միևնույն ժամանակ սխալ կլինի որևէ վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության վրա և ժամանակի ընթացքում` վճռաբեկ դատարանի կայացման հետ մեկ տեղ բոլոր խնդիրները կլուծվեն: Սակայն արդեն շուրջ երկու տարի է անցել ու վիճակը որ միայն չի բարելավվում, այլ արդեն հասնում է նրան, որ արդեն դատավարությանը մասնակից կողմերից մեկը դիմում է  ծայրահեղ քայլերի, իսկ երկրի արդարադատության նախարարը հայտարարում է դատական համակարգի նկատմամբ վստահության ծայրահեղ ցածր մակարդակի մասին: Համաձայն news.am կայքի, նախարարը նաև ասել է հետևյալը.

«Եթե այսօր դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, պայմանական ասած, գտնվում է 70-80 տոկոսի վրա, մենք կցանկանայինք հասցնել այն 30-40 տոկոսի: Դատական համակարգի բոլոր մեխանիզմները` թափանցիկություն, դատական աշխատողների պատասխանատվություն, նրանց աշխատանքի գնահատում, պետք է գտնվեն բարձր մակարդակի վրա: Դա թույլ կտա հայտնաբերել դատական սխալն ու հասկանալ դրա պատճառները: Դա շատ կարևոր է և հասարակական կարծիքի համար, որովհետև քանի դեռ հանրության աչքերի առջև մնան տարիներ ձգվող գործընթացները, դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կպահպանվի» http://news.am/arm/news/90566.html

     Ավելի լավ երեևի թե դժվար կլինի ասել: Բայց, «Հայաստանում, ինչպես Հայաստանում» (© Լիլիթ Գալստյան) ` գործը խոսքից այն կողմ չի գնում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s