Իրավաբանները մտահոգված են

     «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում վերջին շրջանում կատարված փոփոխությունները բավականին խառնաշփոթ իրավիճակ ստեղծեցին: Մի կողմից իհարկե այդքան էլ ճիշտ չէր, որ իրավաբանական ֆակուլտետ ավարտած յուրաքանչյուր շրջանավարտը քաղաքացիական դատավարության շրջանակներում հավասարեցվում էր փաստաբանի արտոնագիր և համապատասխան որակավորում ունեցող փաստաբանի հետ, սակայն մյուս կողմից այն, ինչ առաջարկվել է փոփոխված օրենքների պայմաններում` միանշանակ և անվերապահ արգելումը փաստաբանի արտոնագիր չունեցող  իրավաբաններին հանդես գալ դատարաններում, նույնպես հեոռւ է կատարյալ լինելուց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանական դպրոցը դեռ չի էլ գործում: Կարծում եմ, ասյտեղ ավելի ճիշտ կլիներ ընտրել «ոսկե միջինը»` առնվազն վերջին 5 տարվա ընթացքում դատարաններում քաղաքացիական գործերով ներկայացուցչություն իրականացրած իրավաբաններին միանգամից տրամադրել փաստաբանի արտոնագիր, ինչպես նաև սահմանել անցումային ժամանակահատված (մեկ կամ երկու տարի), որի ընթացքում իրավաբանական խորհրդատվության և քաղաքացիական գործերով ներկայացուցչության ոլորտներում աշխատանքը շարունակել ցանկացող իրավաբանները առանց ավելորդ խնդիրների (որոշները նաև պարզեցված կարգով և առանց գործող փաստաբանի մոտ մեկ տարվա պարտադիր վերապատրաստման) կստանան փաստաբանական գործունեության արտոնագիր: Այդ հարցի կապակցությամբ օրերս ՀՀ Նախագահին են դիմել նաև մի խումբ իրավաբաններ, որոնց դիմումը իր էջերում ներկայացրել է «Առավոտ» օրաթերթը: (Թեև թերթում տեղադրված նամակն անստորագիր է, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ Նախագահի աշխատակազմին այն թողնել անարձագանք, սակայն կարծում եմ որ իրավաբաններին դա հայտնի է և դիմումի բնօրինակը, այնուամենայնիվ, ստորագրված է:) «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը ևս կիսում է դիմումի հեղինակների մտահոգությունը` դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ և կոչ է անում ՀՀ համապատասխան իրավասու մարմիններին ուսումնասիրել խնդիրը և նախաձեռնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ` առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ:

     Ստորև ներկայացվում է մի խումբ իրավաբանների դիմումը, հասցեագրված  Հայաստանի Հանրապետության Նախագահին:

 

Մի խումբ իրավաբաններ դիմել են ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ.

   Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության «Փաստաբանության մասին» օրենքում (հոդված 5) եւ ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները եւ օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում: Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանն այսուհետ դատարանում անելիք չունի՝ համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը: Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլեւս բոլոր փաստաբանները համարվում են հմուտ եւ փորձառու, եւ նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ՝ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է՝ հնարավորություն տար փորձառու եւ դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու եւ համալրելու փաստաբանների շարքերը: Հակառակ դեպքում՝ սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը եւ հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանն ակամա դառնում է թուղթ մրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ այսուհետ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն: Նշված փոփոխությունների հետեւանքով իրավաբանը որեւիցե մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր եւ դրանից հետո նոր խորհրդատվություն տալ: Հարց է առաջանում. ո՞ւմ են պետք բազմաթիվ բուհերում գործող իրավաբանական ֆակուլտետները եւ որտեղ պետք է աշխատեն ու փորձառություն ձեռք բերեն դրանց շրջանավարտները, եթե ոչ իրավաբանական գրասենյակներում, փորձառու իրավաբանների մոտ, եւ ի՞նչ արժեք ունի իրավաբանի դիպլոմը, ավելի հեշտ չէ՞ միանգամից բուհերից բաց թողնել պատրաստի փաստաբաններ:

   Նշված փոփոխություններն առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փորձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին՝ գործունեությունը դադարեցնելու առջեւ, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաններին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը՝ առանց հարկատուի:

   Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ եւ կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ: Չնայած այս ամենին՝ դեռեւս ուշ չէ իրադրությունը շտկել, սահմանելով անցումային փուլ, որով պետությունը հնարավորություն կտա դատական ներկայացուցչության մեծ փորձ ունեցող իրավաբաններին պարզեցված կարգով ստանալ փաստաբանական արտոնագրեր:

Մեծարգո նախագահ.

Հաշվի առնելով վերեւում շարադրված խնդիրները՝ դիմում ենք Ձեզ ստեղծված իրավիճակին լուծում տալու հույսով:

Մի խումբ իրավաբաններ

 Աղբյուրը` «Առավոտ» օրաթերթ    http://www.aravot.am/2012/02/21/40435/

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s