Ամբողջովին կիսելով բնապահպան Ի. Զարաֆյանի մտահոգությունը, որոշեցինք արտատպել այստեղ ս.թ. հոկտեմբերի 1-ին «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած նրա հոդվածը՝ Սևանա լճի աղետալի վիճակի վերաբերյալ: Միաժամանակ հայտարարում ենք, որ <<ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ>> քաղաքացիական նախաձեռնությունը իր զորակցությունն է հայտնում Սևանա լճի փրկության հարցով զբաղվող բոլոր անձանց ու կազմակերպություններին և պահանջում է համապատասխան պետական գերատեսչություններից ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները Սևանա լճի պահպանության ուղղությամբ:
<<ՍԵՎԱՆ, ԹԵ ԹՈՒՆԱՎՈՐ ՃԱՀԻՃ>>
<<Պատահական չէ, որ վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպություններ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ որոշեցին միավորվել և կրկին հայտարարել՝ SOS Սևան: Քանզի մասնագետների համատեղ կարծիքը, որը հիմնված է վերջին հետազոտությունների վրա, իսկապես մեկն է՝ Սևանը հայտնել է աղետալի վիճակում: Նույնիսկ 70-ականների վերջերին, երբ Սևանի ճահճացման գործընթացը, ձեռք եր բերել սպառնալի բնույթ, այդ ժամանակ այսչափ աղտոտվածություն չէր արձանագրվել: Եվ հիմա տեղին է մեր մասնագետների բնորոշումը, որ մենք այլևս չունենք <<Սևանա լիճ>> անվանմամբ քաղցրահամ ջուր:
Օր-օրի փոխվում է Սևանի ջրի կազմությունը, բազմաթիվ կենդանատեսակներ իսպառ անհետացել են, իսկ աղտոտվածության մասին արդեն մեզանից յուրաքանչյուրը կհաստատի, որոնց, ի դեպ, մեծապես նպաստեցին <<հանրային լողափեր>> կոչվածները: Մինչդեռ անհանգստության հիմնական պատճառն այն է, որ ոչ բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս <<Սևան ազգային պարկի>>, ոչ քաղաքաշինության, տարածքային կառավարման, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունները, ոչ որևէ հանձնաժողով կամ խորհուրդ լճի փրկության համար գործնական ջանքեր չեն ձեռնարկում: Օրենքները խախտվում են, և դրա համար ոչ ոք չի պատասխանում: Տպավորություն է ստեղծվում, որ Սևանը բարձրաստիճան չինովնիկների կողմից դիտվում է միայն որպես եկամտի ստացման աղբյուր: Իսկ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը՝ այլևս անիմաստ է ասելը, թե ինչ վնասներ, ավելի ճիշտ՝ վերջնական կործանում կբերի Սևանին: Ու չնայած մեր ահազանգերն, արդեն մանրացնող-տեսակավորող սարքավորման կառուցման աշխատանքներ են ընթանում հենց Սևանա լճի ջրահավաք ավազանում: Հետևաբար ինչպես Սոթք համայնքի տարածքը, այնպես էլ Սևանա լիճը, որտեղ թափվում է Սոթք գետը, ծանր մետաղներով աղտոտվելու բարձր ռիսկեր է պարունակում: Հայտնաբերված հիմնական աղտոտիչները՝ քրոմը, նիկելը, կապարը, պղինձը և ցինկը, տարրեր են, որոնք ունեն մուտագեն և օնկոգեն ազդեցություն, այսինքն՝ ունակ են առաջացնել հրեշածնություն և չարորակ հիվանդություններ: Հիշեցնենք, որ Սոթք գյուղում անցյալ տարի ծնվեց երկգլխանի հորթ: Այդ դեպքը մեր անասնաբույժները ակտիվ մեկնաբանեցին, բայց նույնիսկ չուսումնասիրեցին: Նման հրեշածնությունների առաջացումը կարող է կապված լինել հենց տարածքների աղտոտվածության հետ, որտեղ տեղի բնակիչներն արածեցնում են իրենց նախիրները: Ջուրը լվանում է այդ տարրերը և տարածում ավելի հեռու: Վերջնական արդյունքում դրանք հասնում են Սևանա լիճ: